գլխավոր Գլխավոր Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը․ Գագիկ Ծառուկյան

Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը․ Գագիկ Ծառուկյան

 «Սիրելի’ հայրենակիցներ, կուսակից ընկերներ, հարգելի՛ գործընկերներ.

Անազատության  մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի  և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար»,-այս մասին գրառում է կատարել ԲԿՀ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Թուրք-ադրբեջանական  ահաբեկչական տանդեմի կողմից  սանձազերծված պատերազմին  դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:

Օրհասական այս իրավիճակում  բոլոր տարակարծություններն ու անհամաձայնությունները մի կողմ դնելու և Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ  բռունցք դարձած պայքարը շարունակելու ժամանակն է: Ամեն կորցրած վայրկյանի համար  մենք չափազանց թանկ գին ենք վճարում:  Ես անասելի ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի ու  կամավորականի թափած արյան ամեն մի կաթիլի համար:  Ցավակցություններս ու խոնարհումս մարտի դաշտում հայրենիքի պաշտպանության համար  զոհված մեր բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին: Փա՛ռք ու պատի՛վ նրանց:

Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ,  հարյուրավոր կուսակցականներ եղել  և այս պահին էլ առաջնագծում են,  բայց այսօր  անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել   կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին:

Ես անձամբ  եմ  առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով  շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի  կարիքը: Հայաստանի,  Արցախի  և Սփյուռքի  բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն  հնարավոր հաղթել:  Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք:  Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում  և դա անբեկանելի ճշմարտություն է:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, հայ զինվորին և հայոց անպարտ բանակին…

Հ.Գ Կամավորագրվել  ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։