գլխավոր Իրադարձային Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա. Ռուբեն Վարդանյան

Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա. Ռուբեն Վարդանյան


ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

 Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։

Իր հերթին Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, բարձր գնահատել օրենսդիր  մարմնի՝ հետպատերազմյան և առանձնապես  ստեղծված ծանր պայմաններում ծավալած գործունեությունը։

«Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության»,-նշել է Ռուբեն Վարդանյանը  և վստահեցրել, որ պատրաստ է բոլոր հնարավորություններն ու ներուժը օգտագործել ի նպաստ Արցախի։

Խոսելով առկա մարտահրավերներից՝ բարերար Վարդանյանը առաջ է քաշել Արցախ այցելելու 3 հիմնական նպատակների տեսլականը՝միտված  Արցախի կարգավիճակի, անվտանգության և սոցիալ- տնտեսական զարգացմանը։

Նա կարևորել է ոչ միայն ռազմական, այլ նաև տեղեկատվական անվտանգութան  ապահովման հարցը։

«Մինչև Արցախի հարցը չլուծվի, ես ոչ մի տեղ չեմ գնա», – իր խոսքն այսպես է ընդհանրացրել Վարդանյանը։

Խորհրդարանականները ողջունել են Արցախի և հայոց աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում Ռուբեն Վարդանյանի կայացրած որոշումը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել։

Երկուստեք կարևորվել է համախմբվածությունը հստակ նպատակի ու խնդրի շուրջ։