գլխավոր Կրթություն ԵՊՀ-ն վաղուց չի համապատասխանում որևէ ստանդարտի, ընդլայնելու անհրաժեշտություն կա․ Դումանյանը՝ բուհական շենքերը...

ԵՊՀ-ն վաղուց չի համապատասխանում որևէ ստանդարտի, ընդլայնելու անհրաժեշտություն կա․ Դումանյանը՝ բուհական շենքերը վաճառելու մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել է մամուլում տարածված՝ բուհական շենքերը վաճառելու մասին տեղեկություններին, նշելով․

«Շենքը նպատակ չէ, շենքը միջոց է, այս ամենի նպատակը մեկն է՝ ունենալ բարձր որակի կրթություն, ստանդարտներին համապատասխանող գիտական միջավայր, ինչն անչափ կարևոր է։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Թատերական ինստիտուտը, Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը վստահաբար իրենց միջավայրով, տարածքով, ենթակառուցվածքներով չեն համապատասխանում որևիցե եվրոպական բուհի ստանդարտի, չունեն համապատասխան տարածքներ, գրադարաններ և այլն։ Ամբողջ նպատակը նման միջավայր ստեղծելն է։ Իսկ, թե շենքն ով է ցանկանում գնել և ինչ գնով, ԿԳՄՍ նախարությանը հետաքրրքում է այնքանով, որքանով դրանից կշահի մեր գաղափարը»,- ասել է նախարարը։

Հարցին բացառո՞ւմ է, որ որոշ մարդկանց կողմից հյուրանոցներ կառուցելու պահանջը բավարարելու նպատալկով են բուհերը միավորվում, Դումանյանը ասել է․

«Ո՞նց, Դուք ուզում եք ասեք մենք հյուրանոցային տնտեսությունը զարգացնելու համա՞ր ենք հիմնում ակադեմիական քաղաք, իհարկե ոչ, դա աբսուրդ է։ Բայց, եթե կա շենք, որը չենք օգտագործելու, ինչու պետք է այն մնա։ Ենթադրենք տեղափոխվում ենք ավելի լավ պայմաններ, այդ շենքը պետք է մնա, որ ինչ անի։ Մանկավարժական համալսարանի շենքը պետք է դատարկ չմնա, կամ դաս պետք է լինի այնտեղ, կամ, եթե այդ բուհը ստանում է ավելի լավ պայմաններ և տեղափոխվում է այլ վայր, ուրեմն մեկ այլ բանով պետք է զբաղվի այդ հարցը, ամեն ինչ հնարավոր է այդ թվում և՛ օտարում կարող է լինել, և՛ անվարձահատույց տրամադրվել և այլն»։

Դիտարկմանը՝ ԵՊՀ-ի շենքը բավարար չէ՞ իրենց գաղափարների և նպատակների իրականացման համար, որ որոշվել է այն տեղափոխել ակադեմիական քաղաք, Դումանյանը նշել է․

«Ոչ, դուք չգիտեմ ԵՊՀ-ի շենք քանի անգամ եք մտել, դուք գուցե կողքից նայելով սելֆի եք արել, ես իմ կյանքի մեծ հատվածը անցկացրել եմ ԵՊՀ-ի շենքում։ ԵՊՀ-ն վաղուց չի համապատասխանում որևէ ստանդարտի՝ ո՛չ լսարանների քանակով, ո՛չ սանհանգույցների քանակով, ո՛չ հագեցվածությամբ ։ ԵՊՀ-ն այսօր ոչ մի նորմատիվի չի դիմանում։ Ստանդարտներին համապատասխանելու համար պետք է այն ընդլայնել»։

Միևնույն ժամանակ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ-ն ու Բժշկական համալսարանը կպահեն իրենց բուհի կարգավիճակը։