գլխավոր Գլխավոր Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան

Զգուշացնում ենք հակամարտության կողմերին պահպանել զգուշություն. ՌԴ-ում Իրանի դեսպան

Թեհրանն ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ տարածքների վրա։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հայտնել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի սահմանամերձ տարածք: Մինչ այդ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ ղարաբաղյան մարտերի պատճառով սահմանամերձ շրջանում գտնվող տների վրա 8 արկ է ընկել։

«Մեր սահմանամերձ շրջաններում ակտիվությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Անընդունելի է տարածաշրջանում հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքում։ Լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին պահպանել անհրաժեշտ զգուշություն», – ասել է Ջալալին։

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի ագրեսիայի դրսևորում իր սահմանների և տարածքի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին հայտարարեցինք, որ ով չպահպանի այդ սկզբունքը, ամբողջությամբ կմերժվի», – նշել է դիվանագետը։

Նրա խոսքով` պաշտպանության ոլորտում Իրանը ինքնաբավ է և նույնիսկ արտահանման հնարավորությունների է հասել։

«Եվ եթե անհրաժեշտություն լինի, անպայման միջոցներ կձեռնարկվեն», – եզրափակել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։