գլխավոր Գիտություն GIF22-ը Հայաստան կբերի 20 երկրի գիտնականների. քննարկման առանցքում արհեստական բանականությունն ու դրա...

GIF22-ը Հայաստան կբերի 20 երկրի գիտնականների. քննարկման առանցքում արհեստական բանականությունն ու դրա ազդեցությունը կյանքի վրա

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումը (GIF) վերադառնում է` այս աշնանը ևս Երևանը դարձնելու գիտական և տեխնոլոգիական թեմաների քննարկման էպիկենտրոն։ Այն Հայաստանում հիմնադրված միջազգային հարթակ է, որը խոստանում է երկրին բերել համաշխարհային հռչակ ու հեղինակություն։ Ձեզ ենք ներկայացնում հինգ փաստ, որ պետք է իմանալ GIF22-ի մասին։ 

Փաստ 1՝  GIF22-ը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ին Երևանում 

Այս տարի Գլոբալ ինովացիոն ֆորումը կկայանա հոկտեմբերի 5-6-ին Երևանում։ Տարբեր ձևաչափեր միավորող երկօրյա միջոցառումը կանցկացվի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։ GIF22-ը բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին, գործարարներին ու առաջնորդներին Հայաստանում համախմբելու, աշխարհում առկա նորարարական թրենդներն ու ի հայտ եկող մարտահրավերները քննարկելու, լուծումներ ուրվագծելու, այդպիսով՝ ստեղծելով կամուրջ գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:

Փաստ 2՝  GIF22-ը կքննարկի առանցքային ոլորտներում ԱԲ լուծումների կիրառությունները

Կա կարծիք, որ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին կդառնա հասարակությունների կյանքում ամենամեծ փոփոխություն բերած տեխնոլոգիան, որը մարդկությունը երբևէ զարգացրել է։ Ներկայում աշխարհում սկսում են կիրառել ԱԲ լուծումները տարբեր ոլորտներում՝ սկսած առողջապահությունից մինչև կրթություն, գյուղատնտեսությունից՝ մշակող արդյունաբերություն, ծառայությունների ոլորտից՝ ֆինթեք և այլն։ Այս տարվա Գլոբալ ինովացիոն ֆորումը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաները վերափոխում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ֆինանսական և մարդու կյանքի վրա ազդեցություն ունեցող ոլորտները վերջին տարիներին։ Խոսնակները կկիսվեն իրենց փորձով, հաջողությունների ու ձախողումների պատմություններով, տեխնոլոգիական նվաճումներով և հետագա զարգացման ուղղություններով։ 

Փաստ 3՝  GIF22-ը կառանձնանա յուրօրինակ ձևաչափերով

Այս տարի ևս միջոցառման ընթացքում կկիրառվեն տարբեր ձևաչափեր։ Ավանդական խորքային գիտական քննարկումներին զուգահեռ GIF22-ի ընթացքում կլինի Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը թույլ է տալիս ներգրավել քննարկման բոլոր մասնակիցներին։ Տեղի կունենան նաև բանավեճեր ոլորտի առջև ծառացած մարտահրավերային թեմաների շուրջ։ Իսկ միջոցառումների ամփոփումը կտրվի երեկոյան ձևաչափով՝ հրավիրվածներին տալով հնարավորություն ծանոթանալ հայկական մշակույթին և շփվել ոչ ֆորմալ միջավայրում։ Նախորդ տարիներին ընդհանուր առմամբ այս միջոցառումներին մասնակցել է 23+ երկրից 170+ խոսնակ, 3500+ ֆորումի մասնակից:  

GIF22-ին ներկա կլինեն բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան 20 երկրից։ Միջոցառման գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն է, ով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական ընկերության՝   Moderna-ի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։ GIF22-ը Հայաստանում կհամախմբի Moderna, Flagship Pioneering, AI Fund, McKinsey & Company, AECOM, ABBY, Syniverse Technologies ընկերությունների, Համաշխարհային բանկի և Սիլիկոնային հովտի առաջատար ստարտափերի բարձր ներկայացուցիչների։ Բանախոսների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Փաստ 4՝ GIF22-ը չորրորդն է այս ֆորումների պատմության մեջ

Հայաստանում արհեստական բանականության ոլորտում այցեքարտային համարվող այս միջոցառման ստեղծման մեկնարկը տրվեց 2017-ին՝ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով, որը հնարավոր դարձավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համագործակցությամբ։ Հայկական գիտական համայնքի և նրանց արտասահմանյան գործընկերների միջև շփման կարևոր այս հարթակը վերանվանվեց Գլոբալ ինովացիոն ֆորում արդեն 2018-ին և հաջողությամբ անցկացվեց նաև 2019-ին։ Հաջորդ տարիներին, համաշխարհային համավարակով և սահմանափակումներով պայմանավորված, GIF-ը դադար վերցրեց։ 2022-ին այն չորրորդ անգամ մեկնարկում է ամենամյա խոշոր միջազգային միջոցառում դառնալու հանձնառությամբ։

Փաստ 5՝ GIF22-ը կմոտեցնի Հայաստանը 2041-ին տվյալագիտության և ԱԲ ոլորտներում 5 առաջատար երկրների ցանկում հայտնվելուն

FAST-ի առաքելությունը գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով Հայաստանի ապագան վերափոխելն է։ Հիմնադրամն իր առջև նպատակ է դրել տարբեր ծրագրերի միջոցով նպաստել, որպեսզի Հայաստանը մինչև 2041 թվականը, երբ երկիրը կնշի անկախության 50-ամյակը, հայտնվի աշխարհի 10 նորարար երկրների և տվյալագիտության և ԱԲ-ի 5 առաջատար երկրների ցանկում։ Գլոբալ ինովացիոն ֆորումը նախագծվել է, որպեսզի Հայաստանը դիրքավորի աշխարհում որպես նորարարության գլոբալ հանգույց՝ աջակցելով Հայաստանի ու աշխարհի միջև կապերի ամրապնդմանն ու երկրի նորարարական ներուժի զարգացմանը։

Միջոցառման տոմսերը հասանելի են հղմամբ