գլխավոր Հասարակություն Եվրոպայում սկսել են աստիճանաբար չեղյալ հայտարարել Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները

Եվրոպայում սկսել են աստիճանաբար չեղյալ հայտարարել Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները

Եվրոպական երկրներում սկսել են աստիճանաբար չեղյալ հայտարարել Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մասնավորապես, այս տարի չի անցկացվի Ֆրանսիայի ամենահայտնի տոնավաճառներից մեկը Ստրասբուրգում: Անցյալ տարի այն երկու միլիոն մարդ էր այցելել: Դեկտեմբերին չի կայանա նաեւ տոնավաճառը Բեռլինում, որը տարեկան միջինում մոտ մեկ միլիոն մարդ է այցելում:

Մինչդեռ, Շոտլանդիայի կառավարության` առողջապահության հարցերով խորհրդատու Ջեյսոն Լիթչը հորդորել է բոլորին այս տարի պատրաստվել «թվային Սուրբ Ծննդյան տոնին»: «Սուրբ Ծնունդը նույնը չի լինելու: Մենք չենք հավաքվելու մեծ խմբերով, երբ հավաքվում է մի քանի ընտանիք: Այս տարվա համար դա ֆանտաստիկա է: Բայց ես հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք նվազեցնել ցուցանիշները, ապա միգուցե կարողանանք քիչ թե շատ նորմալ Սուրբ Ծնունդ ունենալ»,- ասել է Լիթչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիայի իշխանություններն իրենց հերթին խիստ սահմանափակումներ են մտցրել վիրուսի դեմ պայքարում, որպեսզի փորձեն կարգավորել իրավիճակն առաջիկա շաբաթների ընթացքում: Դա թույլ կտար խուսափել լուրջ սահմանափակումներ կիրառելուց Ծննդյան տոներին:

Վերջին շաբաթներին եվրոպական երկրները հաղորդում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի մասին, այդ թվում` ռեկորդային բարձր ցուցանիշների մասին համավարակի ընթացքում: Ընդ որում, շատ երկրներում առողջապահական ծառայություններն ավելացրել են COVID-19-ի ախտորոշման թեստավորման քանակը: