գլխավոր Քաղաքականություն Ռուսաստանը կհետաքրքրվի ԱՄՆ ցանկացած նախագահով, եթե նա Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի․...

Ռուսաստանը կհետաքրքրվի ԱՄՆ ցանկացած նախագահով, եթե նա Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։

«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։

Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։

Պատասխանելով հարցին, թե արդյոք երկխոսություն հնարավոր կլինի իրականացնել, եթե նախագահի պաշտոնը դեմոկրատ Ջո Բայդենը ստանձնի՝ Պեսկովը նշել է, որ Պուտինն իր մեծ քաղաքական փորձի շնորհիվ հասկանում է, որ նախագահի թեկնածուի և արդեն ընտրված նախագահի հռետորաբանությունները տարբերվում են, քանի որ վերջիններս հաշվետու են լինում նախ իրենք իրենց առջև և երկխոսության վերահաստատման ճանապարհներ են փնտրում։