գլխավոր Իրադարձային Արցախի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի հետ

Արցախի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի հետ

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է արցախյան պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը ներկայացրել է Արցախում ստեղծված վիճակը, պատմել Ադրբեջանի կողմից սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության հրետակոծության և հոգեբանական ճնշումների մասին, շեշտել, որ էթնիկ զտումից խուսափելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և նրա պետականության ամրապնդումը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել շրջանի կողմից Արցախում ծրագրերի հնարավոր իրականացմանը։ Հանդիպումից հետո շրջանի ղեկավարը պատվիրակության համար շրջայց է կազմակերպել Լիոնի ԹՈՒՄՈ կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել Արցախի կամերային նվագախմբի համերգը։ Բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, նախարար Հայկ Խանումյանը և շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։ Նախարար Խանումյանն իր խոսքում նշել է, որ ինքնորոշման իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, սակայն վտանգված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պարտականություն է միջազգային հանրության համար` շնորհակալություն հայտնելով Օվերն-Ռոն֊Ալպ շրջանին` Արցախին աջակցելու համար։

Օվերն-Ռոն-Ալպ շրջանն ունի 8 միլիոն բնակչություն, արդյունաբերական կարևոր շրջան է, տնտեսական հզորությամբ Ֆրանսիայի 2-րդ, իսկ Եվրոպայի 5֊րդ շրջանն է։