գլխավոր Իրադարձային Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին

Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին

ՆԳՆ ստեղծելիս սահմանվելու է սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալվում է, որ աշխատողը պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների այն ստանդարտին, որը նախատեսված է այդ բարձր աշխատավարձի համար։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն է երեկ մասնակցել, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև ԱԻ նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ փրկարար ծառայությունը»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտի մասին է խոսքը: Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարության նպատակն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում լինի:Նա նշում է նաև, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական: