գլխավոր Իրադարձային Չկա 24 մլն-ի նախագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի նախագիծ, աղքատ, հարուստ բաժանում պետք...

Չկա 24 մլն-ի նախագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի նախագիծ, աղքատ, հարուստ բաժանում պետք չէ անել․Անդրանիկ Քոչարյան

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացքող բանակցությունները ընթանում են մեր երկրի շահերի պաշտպանության սկզբունքերի շուրջ։ Այս մասին ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով ՊՆ նոր նախագծին, որով առաջարկվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել ընդամենը 4․5 ամիս, Քոչարյանը ասաց․

«Պետք է նայել, թե ինչպես են երկրները հասել պրոֆեսիոնալ բանակին, ինչ ճանապարհ են անցնել։ Այս նախագծի հիմքում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գաղափարն է դրված, եթե գաղափարը հանում եք, այն դառնում է 24 մլն-ի նախագիծ, բայց ընդհանուր առմամբ չկա 24 մլն-ի օրինագիծ, կա պրոֆեսիոնալ բանակի անցման փաթեթ։ 24 մլն վճարելը զորակոչիկին չի ազատում հետագա պատասխանատվությունից, նա դուրս է գալիս զորակոչի այդ ընթացքից, բայց մշտապես մնում է մեր պահեստազորի կազմում»։

Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով նախագծի շուրջ առաջացած քննադատություններին՝ ասաց, որ նախագծում պահպանված է սոցիալական արդարությունը։

«24 մլն ունեցողը 4․5 ամիս ծառայում է, իսկ 7․5 ամիս հետո գալու է ուսումնական վարժանքների ամեն տարի։ Աղքատ, հարուստ բաժանում պետք չէ անել, հիմա նշանակում է, որ մեր բանակը աղքատների բանակ է եղե՞լ շարունակաբար։ Այս անտարբերության մթնոլորտում կորցրել ենք սպայակազմը, լավագույն սպայակազմը ծերացավ, մահացավ ու չթարմացվեց», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։