գլխավոր Հասարակություն Գյումրին հպարտություն և ուժ է. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Գյումրու...

Գյումրին հպարտություն և ուժ է. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Գյումրու օրվա առթիվ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու առթիվ՝ նշելով, որ Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս։

«Իմ հարազատ քաղաքի սիրելի՛ գյումրեցիներ,

Վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։ Ասածիս մասին է վկայում այն, որ այս տարի Գյումրու օրն ուղեկցվում է «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառումներով։

Սիրելի՛ գյումրեցիներ,

Այս տոնի իրական հերոսները Դուք եք, Դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին, ձեր յուրահատուկ հումորով լավատեսություն ու բարձր տրամադրություն փոխանցում քաղաքի հյուրերին, ովքեր Գյումրուց հեռանում են՝ մտքում անպայման ունենալով վերադառնալու ցանկություն։

Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո, կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս։

Այսօր էլ, մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք արարում ենք, նոր քար ավելացնում ստեղծածին, կառուցում ու շենացնում ենք Հայաստանը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն առ հայրենիք։

Ընդամենը երկու օր առաջ մարզային այցով կրկին Շիրակում էի։ Շրջում էինք ակտիվ շինհրապարակներում՝ բարեկարգվող «Բարեկամության» այգում, նոր կառուցվող դպրոցի, մանկապարտեզի, սպորտային համալիրի, ասֆալտապատվող ճանապարհների տարածքում։ Օրս համարեցի ստացված՝ հատկապես մի զրույցից հետո, երբ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներում ներգրավված շինարարից իմացա, որ տարիներ շարունակ այլ երկրներում աշխատելուց հետո, ընկերներով որոշել են վերադառնալ հայրենիք ու Հայաստանում շարունակել իրենց աշխատանքը։

Շատ եմ ցանկանում, որ այս օրինակը լինի վարակիչ, որ Հայաստան վերադարձողների, մայր հողում իրենց ապագան տեսնող և կերտող հայրենակիցների թիվը տարեցտարի ավելանա։ Դրան կարող ենք հասնել մենք՝ նվիրված աշխատանքի, մեր հողն ու ջուրը սիրելու, պահպանելու ու հայրենիքը շենացնելու միջոցով։

Սիրելի՛ գյումրեցիներ,

Չեմ ցանկանում այս օրով Ձեզ ծանրաբեռնել թվերով, վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե Կառավարությունը որքան է կարևորում տարածքային համաչափ զարգացումը, որքան է կարևորում մարզաբնակ մեր հայրենակիցների համար հենց մարզերում ապրել-արարելու համար պատշաճ ու արժանավայել միջավայր ապահովելը։ Դրա վառ վկայությունը Ձեր շուրջը կատարվող շինարարություններն են, տարեցտարի ավելացող տուրիստական հոսքերն են ու ոչ միայն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով՝ յուրաքանչյուրիդ ցանկանալով առողջություն, հաջողություն և լավատեսություն:

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Գյումրի»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը։