գլխավոր Աշխարհ Գերմանացիները Լեհաստանից պահանջել են վերադարձնել իրենց հողերը փոխհատուցման դիմաց

Գերմանացիները Լեհաստանից պահանջել են վերադարձնել իրենց հողերը փոխհատուցման դիմաց

Ուրեմն վերադարձրեք մեր հողերը՝ այսպես են վրդովված գերմանացիները պատասխանել Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու պահանջին՝ Բեռլինը պետք է Վարշավային վճարի 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստան ներխուժման և օկուպացիայի պատճառած ֆինանսական վնասների համար: «Թվիթերի» բազմաթիվ գերմանացի օգտատերեր Լեհաստանից պահանջել են այդ գումարի դիմաց վերադարձնել գերմանական հողերը՝ Սիլեզիան, Պոմերանիան, Արևմտյան և Արևելյան Պրուսիան։

РИА Новости-ն հիշեցնում է, որ առաջին անգամ չէ, որ Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասի համար։ Մի քանի տարի առաջ էլ էր Վարշավան բարձրացրել այդ հարցը, և գումարը հաշվելու համար ստեղծվել էր խորհրդարանական հատուկ հանձնաժողով։

Բեռլինը, սակայն, հրաժարվել է կատարել պահանջը, քանի որ Վարշավային արդեն փոխհատուցել էր բավականին մեծ գումար: Ավելին, 1953 թվականին Լեհաստանը հրաժարվել էր հետագա վճարումներից։ Բեռլինը հայտարարել է, որ այս հարցը համարում է փակված և ճանաչում է երկրի քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը պատերազմի համար։

Լեհաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Դոնալդ Տուսկը լեհական կառավարությանը մեղադրել է հակագերմանական տրամադրություններ սրելու համար: Նրա խոսքով՝ Դուդայի կառավարությունը փորձում է այս կերպ ստանալ ընտրողների աջակցությունը: