գլխավոր Առողջություն Ինչ կարող է պատմել մարդու մաշկի գույնը նրա առողջական վիճակի մասին

Ինչ կարող է պատմել մարդու մաշկի գույնը նրա առողջական վիճակի մասին

Մարդու մաշկը շատ բան կարող է պատմել նրա առողջական վիճակի մասին, մինչդեռ օրգանիզմի տված այս հուշումներին քչերն են ուշադրություն դարձնում։ Թերապևտ Անդրեյ Զվոնկովը ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մաշկի գույնը և որ ախտանշանները չի կարելի անտեսել։ Մասնագետի խոսքերն է մեջբերում URA.RU-ն։

Բժշկի խոսքով՝ մաշկի գունատությունը կարող է կապված լինել զարկերակային ճնշման կտրուկ անկման, նախաուշագնացային վիճակի ու արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ ուղեկցվող սակավարյունության հետ, մինչդեռ կապտավուն կամ կապտամանուշակագույն երանգը խոսում է երակային գերլցվածության ու լճացումների մասին, ինչը բնորոշ է արյան շրջանառության խանգարումներին։

Մաշկի դեղնավուն կամ դեղնականաչավուն երանգը կարող է կապված լինել արյան մեջ էրիթրոցիտների ակտիվ քայքայման հետ։

«Դա կարող է լինել աուտոիմունային տոքսիկ գործընթաց, ինչը կարող է պայմանավորված լինել կենսաբանական կամ քիմիական թույների գործածությամբ», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ վառ դեղին երանգը համարվում է դեղնուկի ու հեպատիտի դասական ախտանշաններից մեկը։

Բացի այդ, Զվոնկովը նախազգուշացրել է նաև մարմնի տարբեր հատվածներում մանուշակագույն բծերի առաջացման վտանգի մասին, քանի որ այս ախտանշանը հուշում է թրոմբոցիտների մակարդակի նվազման մասին։ Այս դեպքում տարբեր հատվածներում տեղի են ունենում արյունազեղումներ։ Ընդ որում՝ կապտուկներն առաջանում են անգամ ներքին օրգանների վրա։