գլխավոր Աշխարհ Մինչև տարեվերջ անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրում. Bloomberg

Մինչև տարեվերջ անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրում. Bloomberg

Աշխարհի 101 երկրում զանգվածային անկարգությունների վտանգը 2022 թվականի երրորդ եռամսյակում աճում է։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով բրիտանական Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր տրամադրության տակ գտնվող զեկույցը։

Ըստ փորձագետների ուսումնասիրությունների՝ 198 երկրից 101-ում գրանցվել է քաղաքացիական անկարգությունների վտանգի աճ, ինչը եռամսյակային ամենամեծ աճն է 2016 թվականից ի վեր, երբ համապատասխան հաշվարկները սկսվել են։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրամիության երկրներում անկարգությունների նախադրյալներն աճում են՝ էներգակիրների գների աճի ֆոնին։ Ակնկալվում է, որ Եվրոպայում աշնանային և ձմեռային շրջանները կսրեն էներգետիկ ճգնաժամը և կբարձրացնեն առօրյա ծախսերը։ Աշխարհի շատ մասերում երաշտներն ու ջրի պակասը կհանգեցնեն պարենային ապրանքների գների բարձրացմանը, ինչը կարող է տեղայնացված բողոքի ակցիաներ առաջացնել առավել տուժած շրջաններում: