գլխավոր Իրադարձային Իսրայելը ռազմավարական և բարոյական բարդ ընտրություն պետք է անի Լեռնային Ղարաբաղի հարցում

Իսրայելը ռազմավարական և բարոյական բարդ ընտրություն պետք է անի Լեռնային Ղարաբաղի հարցում

Իսրայելում շատերը տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող հակամարտությունից և որևէ շահ չունեն Հարավային Կովկասում այդ հակամարտության հանգուցալուծմամբ: Այս մասին գրում է Bloomberg գործակալության իսրայելական ծագում ունեցող ամերիկացի հոդվածագիր Զեև Չաֆեթսը՝ անդրադառնալով Իսրայելի վարքագծին:

«Այդ հեռավոր պատերազմի ռազմաճակատն այժմ տեղափոխվել է այստեղ»,-գրում է հեղինակը՝ նկատի ունենալով Երուսաղեմում հայկական և ադրբեջանական համայանքների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումը,- «Դա կարող է և պետք է ստիպի Իսրայելին ռազմավարական և բարոյական բարդ ընտրություններ անել: Եվ դա կարող է մի շարք հետաքրքիր հնարավորություններ ստեղծել»: 

Հեղինակը նշում է, որ վերջին 30 տարում Իսրայելն ու Ադրբեջանը գործընկերներ են եղել նյութական շահի առումով: «Շիա մահմեդական բռնապետություն հանդիսացող Ադրբեջանը նավթ է վաճառում հրեական պետությանը և առաջադեմ սպառազինում է ձեռք բերում»,- գրում է վերլուծաբանը՝ նշելով, որ այդ զենքն ադրբեջանցիներն օգտագործում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար:

Ըստ հեղինակի՝ Ադրբեջանը պարզապես զենքի գնորդ չէ Իսրայելի համար: «Իսրայելն ավելին է ստանում Ադրբեջանից, քան նավթն է: Երկիրը սահմանակից է Իրանին, որն Իսրայելի թշնամին է: Այդ առումով Բաքուն հետախուզական տվյալներ ստանալու համար կարևոր աղբյուր է: Բացի այդ, որոշ հաղորդումների համաձայն, այն հավանական վայր է իսրայելական օդուժի հարձակումների համար: Դա Ադրբեջանը դարձնում է հազվագյուտ արժեք ունեցող երկիր, որին Իսրայելը չի պատրաստվում լքել»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանը նման քաղաքական արժեք չի ներկայացնում Իսրայելի համար:

«Սակայն այստեղ բարոյական հզոր հարց կա, որն Իսրայելը չի կարող անտեսել: Հրեաներն ու հայերը միանման ժողովուրդներ են: Երկուսն էլ հետապնդումների են ենթարկվել և վերականգնել են իրենց անկախությունը»,- եզրափակում է Չաֆեթսը: