գլխավոր Իրադարձային Քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են...

Քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են ՀՀ–ում ու Արցախում որոշումներ կայացնում, վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որում ասվում է․

«Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված:

Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:

Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել և´ Արցախի, և´ Հայաստանի հանրապետությունների համար:

Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:

Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին»: