գլխավոր Իրադարձային ԼՂ–ի` տարածքային միավոր գոյություն չունենալու մասին հայտարարությունն անտեղի է. Փաշինյան

ԼՂ–ի` տարածքային միավոր գոյություն չունենալու մասին հայտարարությունն անտեղի է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով։

«31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին»,– ասված է ուղերձում։

Նրա գնահատմամբ` այդ որոշումը մեր հայրենակիցների պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։Փաշինյանը նաև հիշեցնում է, որ Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, քառօրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։

«Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը»,– նշում է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծում է, որ անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։

Վարչապետը նշում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման համար և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

Նա միաժամանակ նաև արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

«Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս»,– ասված է ուղերձում:

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն նոր սահմանադրությամբ ամրագրվեց որպես Արցախի Հանրապետություն։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան` բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի հռչակման որոշումով: Նախկին ԼՂԻՄ և Շահումյանի տարածքում ձևավորվեց Արցախի Հանրապետությունը: