
Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից, ցույցի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ թուրքական անօդաչու թռչող սարքերի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու: Խոսքը թուրքական անօդաչուների մասին է, որոնք Ադրբեջանն օգտագործում է Արցախում հայ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Ցույցի մասնակիցները բազմաթիվ պաստառներ էին պատրաստել, որոնց գրություններով կոչ են անում դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը Թուրքիային: Գրություններում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը խաղաղություն է ուզում», «պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ», «վերջ տվեք բաղադրամասեր ուղարկել թուրքական անօդաչուների համար»:
Նշենք, որ նախօրեին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմում է ներկայացրել Պետքարտուղարությանը՝ պահանջելով կասեցնել թուրքական Bayraktar TB2 անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը: