գլխավոր Իրադարձային Արցախի պետական նախարար Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ մասնակցել է մի...

Արցախի պետական նախարար Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ մասնակցել է մի շարք միջոցառումների

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի մեկին՝ Գիտելիքի և դպրության օրը, Ստեփանակերտի համար 9 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Առաջին զանգ»-ի և «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի բացման հանդիսավոր արարողություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, շնորհավորելով առաջին դասարանցիներին և ճեմարանականներին՝ պետական նախարարն ընդգծել է, որ կրթության որակի շարունակական բարելավումն այլընտրանք չունի, և Արցախի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու այդ ճանապարհին:

«Այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ծնողներին և հատկապես ուսուցիչներին, քանի որ հենց ուսուցիչն է կրթության համակարգի գլխավոր հենասյունը, իսկ կրթությունն իր հերթին պետության կարևորագույն հենասյուներից է: Բացի Առաջին զանգի ավանդական միջոցառումից, այս օրը պատմական է Հանրապետությունում նոր՝ «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադրման առումով: Համոզված եմ, որ Շիրակացու ճեմարանն ուրույն ներդրում է ունենալու Արցախի կրթական համակարգի հետագա զարգացման գործում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Երևանում գործող «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը շեշտադրել է իրենց պատրաստակամությունը համագործակցաբար Արցախում համակարգային բարեփոխումներ իրականացնելու առումով: Նա իր գոհունակությունն է հայտնել Արցախի կառավարության հետ սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով պետական նախարարի նախաձեռնությունն ու հետևողականությունը արցախյան ճեմարանի հիմնադրման հարցում:

Նշվում է, որ այնուհետև պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի պետական համալսարանի վերակառուցված նոր մասնաշենքում մասնակցել և բանախոսել է Արիության դասին, մտքերի փոխանակում իրականացրել դասախոսների և ուսանողների հետ՝ Արցախի առկա մարտահրավերների ու ապագայի վերաբերյալ: Պետական նախարարին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է գլխավոր մասնաշենքի կահավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու կարիքները, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված մի շարք այլ հարցեր: