գլխավոր Հասարակություն Պարզվել է՝ թոշակառուների մի մասի թոշակը բարձրանում է 2 500 և 1900...

Պարզվել է՝ թոշակառուների մի մասի թոշակը բարձրանում է 2 500 և 1900 դրամով. Փաշինյանը հայտնեց՝ բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին: «Դուք գիտեք, որ կառավարության նախորդ նիստերից մեկում որոշում ենք կայացրել կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Մեր նպատակադրումն այս փուլում թոշակներն առնվազն 3 000 դրամով ավելացնելն էր: Սակայն պարզվել է, որ թոշակառուների 97,5 տոկոսի թոշակն է սեպտեմբերի 1-ից բարձրանում  առնվազն  3 000 դրամով,  6 400 թոշակառուի թոշակը գործող բանաձևով  բարձրանում է 2 500 դրամով, իսկ  5300-ինը՝ 1 900 դրամով: Մենք քննարկում ունեցանք և գտնում ենք, որ ճիշտ են այդ դիտարկումները, մանավանդ մեր հայտարարությունների  ֆոնին, և հարկ համարեցինք,  որ 2500 և 5300 մեր սիրելի թոշակառուների համար լրացուցիչ որոշում կայացնել, որպեսզի սեպտեմբերի 1-ից, ինչպես խոստացել էինք, բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որպեսզի խնդրին ավելի ինստիտուցիոնալ լուծում տրվի և օրենքով սահմանված հաշվարկման բանաձևով նման թյուրընկալումների առիթ չհանդիսանա,  քննարկումների արդյունքում որոշվել է նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու նախագիծ մշակել: Այն նախատեսվում է սահմանել 31 600 դրամ, որը կերաշխավորի բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակի առնվազն 3000 դրամով բարձրացումը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանն ուղղված կառավարության քայլերին, այդ թվում անկանխիկ առևտրի դեպքում կեսնաթոշակի 10 տոկոսի  հետվճարի միջոցառմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց նպատակադրումն այն է, որ պարենային զամբյուղի արժեքից ցածր թոշակ չլինի Հայաստանում: