գլխավոր Կրթություն Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով....

Մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով. Փաշինյան

Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը չի կարելի հետաձգել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել: Ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին: Այսինքն՝ մենք ունենք նաև պետական բուհեր, որտեղ պետությունը հատկացրել է տեղեր, և 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել:

Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում: Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք 8 պետական բուհ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին:

«Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա ուսանողների համար:

Օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը: