գլխավոր Իրադարձային Գործող վարչակարգը ստիպված եղավ համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել...

Գործող վարչակարգը ստիպված եղավ համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել իր կամքը սեփական իրավունքները գիտակցող քաղաքացուն. Ավետիք Չալաբյան

Ինչպես արդեն շատերդ գիտեք, երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանը վերջապես բեկանեց չորս շաբաթ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունած ծայրահեղ ապօրինի, անհեթեթ որոշումը, և թույլ տվեց ինձ գրավի դիմաց ազատության դուրս գալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Սա չափազանց կարևոր քայլ էր՝ վերականգնելու օրինականությունը, և խզելու այն ապօրինությունների շղթան, որը սկսվել էր այս տարվա մայիսի 12-ին, մեր բնակարանում ցուցադրական խուզարկումով և իմ փաստացի առևանգումով, և շարունակվել էր իր նախադեպը չունեցող դատական ակտերի շարանով, որոնցից յուրաքանչյուրը էլ ավելի աբսուրդային և անհիմն էր, քան նախորդը, և ընդամենը նպատակ ուներ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահել, և դրանով մեկուսացնել այն հանրային և քաղաքական գործընթացներից, որոնք այդ ընթացքում ծավալվում էին մեր ինքնիշխանությունը և ազգային շահերը մաս-մաս հանձնող, պարտվողական վարչակարգի, և դրան ընդդիմացող տարբեր ուժերի միջև։

Երեկ շատերը ուշադրություն էին դարձրել գրավի խոշոր չափի վրա՝ այն իսկապես ավելի շատ նմանվում էր պատանդառությունից դուրս գալու փրկագնի, սակայն ի վերջո, երկրորդական նշանակություն ուներ։ Առաջնայինն այն էր, որ գործող վարչակարգը, նույնիսկ շարունակաբար անթաքույց և ցինիկ ճնշումներ կիրառելով այս գործում ներգրավված իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների վրա, ի վերջո ստիպված եղավ տեղի տալ օրենքի ուժի և հանրային բողոքի հզոր ալիքի առաջ, և համակերպվել նրա հետ, որ այլևս ընդունակ չի պարտադրել իր կամքը սեփական իրավունքները գիտակցող, և դրանք հետևողական իրացնող անհատ քաղաքացուն (և քաղաքացիներին ընդհանրապես)։

Այս իմաստով, ես ցանկանում եմ իմ անկեղծ երախտիքը հայտնել Վերաքննիչ դատարանի դատավոր տիկին Ռուզաննա Բարսեղյանին, որը դիմագրավելով իսկապես վիթխարի ճնշումների, մի քանի անգամ փաստացի հարկադրված լինելով տեղափոխել դատական վճռի ընդունումը և հրապարակումը, ի վերջո կարողացավ դրսևորել անհրաժեշտ սկզբունքայնություն և իր գործողություններով վերականգնեց օրինականությունը։ Որոշակի դրվատանքի արժանի նաև ՀՀ Դատախազության դիրքորոշումը, որը տվյալ դեպքում առնվազն երեք անգամ, տարբեր դատական նիստերի ընթացքում, հստակ արտահայտվեց իմ ազատությունը վերականգնելու օգտին, և դրանով նպաստեց վերջնական վճռի կայացմանը։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այստեղ մեր պաշտպանական խմբի բոլոր անդամներին, որոնք ոչ միայն նախաձեռնողական և բարձրորակ իրավական պաշտպանություն էին իրականացնում դատարաններում, այլև հանրային հաղորդակցության վիթխարի ծավալի աշխատանք կատարեցին, դրանով մոբիլիզացնելով հանրային կարծիքը և նպաստելով օրինականության հաստատմանը։ Անկեղծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք այս ընթացքում օգնեցին լուսաբանելու այս գործը, և հասարակությանը հասու դարձրեցին տեղի ունեցող բոլոր ապօրինություններին։ Նույն կերպ, անչափ շնորհակալ եմ բոլոր այն հանրային, գիտական և մշակույթային գործիչներից, որոնք այս ընթացքում իրենց ձայնը բարձրացրին ի պաշպանություն մեր երկրում արդարության, ընդդեմ իրավունքի ոտնահարման և “քաղաքական նպատակահարմարությամբ” պայմանավորված ապօրինության։ Եվ վերջապես, բնականաբար, շնորհակալ եմ իմ ընտանիքի բոլոր անդամներից, որոնք այս ընթացքում իրենց վրա տարան այս ծանր բեռը, և անձնապես մեծ գին վճարեցին իմ ազատության համար։
Թեև երեկ ես վերադարձա ազատության, արդարության վերջնական հաստատման համար պայքարը շարունակվում է։ Դեռևս շարունակվում է իմ դեմ սկսված շինծու քրեական գործը, և մեր նպատակն է լինելու, մեր պաշտպանական թիմի որդեգրած օրինական միջոցներով, ապացուցել մեղադրանքի ողջ սնանկությունը, և հասնել իմ վերջնական արդարացման, եթե դա նույնիսկ տարիներ տևի, և հետագա մեծ ջանքեր պահանջի։ Ավելի լայն իմաստով, շարունակվում է պայքարը բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության, և մեր երկրում իրավունքի գերակայության համար, և մենք հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի աջակցենք իրենց վրա այս վարչակարգի ապօրինությունների բեռը կրող մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև նախաձեռնենեք իրավական համակարգի այնպիսի բարեփոխումներ, որոնք հետագայում կնվազեցնեն կամայականությունների հնարավորությունն ընդհանարապես։

Բնականաբար, շարունակվում է պայքարը նաև մեր պետության ինքնիշխանության վերահաստատման, մեր խարխլված անվտանգության և ազգային իրավունքների վերականգման համար, և ես աննահանջ, նոր թափով և եռանդով միանալու եմ մեր ամենօրյա աշխատանքներին ու կռվին՝ մինչև բոլորիս հանար իրական և շոշափելի հաղթանակ։ Այս նպատակով, մոտական օրերին, հնարավորություն կունենամ հանդես գալ առանձին գրառմամբ, և շարադրել առաջիկա մտահղացումները և գործնական պլանները։

Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում յուրքանչյուրին, ով այս ընթացքում եղել է մեր կողքին՝ հավատացել, աջակցել և ուժ է տվել։ Ձեր վստահությունն ու աջակցությունը ամենաթանկ է, ուժ և եռանդ է տալիս հաղթահարելու բոլոր փորձությունները, և միասին առաջ գնալու՝ դեպի մեր հավաքական իղձերի և երազանքների իրականացում։ Աստված պահապան բոլորիդ, Աստծո աջը բոլորիդ ընտանիքների և մեր երկրի վրա»,- գրել է Չալաբյանը: