գլխավոր Գիտություն ՆԱՍԱ-ն հետաձգել է լուսնային «Արտեմիս 1» առաքելության արձակումը

ՆԱՍԱ-ն հետաձգել է լուսնային «Արտեմիս 1» առաքելության արձակումը

ՆԱՍԱ-ն երկուշաբթի հետաձգել է նորագույն Orion տիեզերանավը Լուսնի ուղեծիր դուրս բերելու համար նախատեսված SLS հրթիռակրի առաջին փորձնական արձակումը, հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:

«Շարժիչների աշխատանքի ստուգման արդյունքներից հետո թռիչքի տնօրենը որոշել է չեղարկել այսօրվա մեկնարկը»,- ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը։

«Արտեմիս-1» առաքելության արձակման նոր փորձի ամսաթիվը կորոշվի ավելի ուշ. արձակման հաջորդ հնարավորությունը սեպտեմբերի 2-ն է։ Հաղորդվում է, որ մեկ այլ պատուհան կլինի սեպտեմբերի 5-ը: Եթե մեկնարկը չկայանա այս ժամկետում, հաջորդ հնարավորությունը չի լինի մինչև հոկտեմբեր։

Հրթիռը, որը ՆԱՍԱ-ն անվանում է երբևէ կառուցված ամենահզորը, պետք է ուղեծիր դուրս բերի Orion նորագույն տիեզերանավը՝ փորձարկելու ապագայում կառավարվող առաքելությունները դեպի Լուսին և խորը տիեզերք:ՆԱՍԱ-ի հաշվարկների համաձայն՝ «Արտեմիս-1» առաքելության շրջանակներում տիեզերանավը կպտտվի Լուսնի շուրջ և կվերադառնա Երկիր: Նրա առաքելությունը կտևի 42 օր և կլինի նախապատրաստում օդաչուներով թռիչքների համար, որոնցից առաջինը՝ «Արտեմիս-2» առաքելության շրջանակում, նախատեսված է 2024 թվականին։