
SKmilitary diary Telegram-ալիքի հեղինակը լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով Շուշիի մշակութային կենտրոնին հասցված հարվածի հետևանքները՝ նշելով, որ հրթիռակոծման ժամանակ այնտեղ խաղաղ բնակիչներ են եղել, որոնց թվում՝ ծերեր և երեխաներ:
«Նախքան եկեղեցուն հարվածելը, Ադրբեջանը հարված է հասցրել ոչ պակաս կարևոր «ռազմավարական կառույցի»՝ Շուշիի մշակութային տան ուղղությամբ, որտեղ ռմբակոծություններից պատսպարվել էին խաղաղ բնակիչները: Դատելով այն փաստից, թե ինչպես են ցրիվ եկել տանիքի տարրերը տարածքով մեկ, իսկ արկը՝ խոցել բետոնե սյունն ու նկուղային հարկը, դա ակնհայտորեն շատ ավելի հզոր զենք է եղել, քան «Սմերչը»»,- գրել է հեղինակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։


