գլխավոր Քաղաքականություն Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Էրդողանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդիպել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ։

Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, Էրդողանը կնոջ հետ այցելել է Ստամբուլի հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր, գրող և լրագրող Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությունը:

Հայ Առաքելական եկեղեցում Էրդողանին դիմավորել ու ուղեկցել է Սահակ Մաշալյանը:

Հիշեցնենք`Մարգար Եսայանը Թուրքիայում մահացել էր հոկտեմբերի 16-ին` տևական հիվանդությունից հետո, 51 տարեկան հասակում։ 

Հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություն էր հայտնել Թուրքիայի նախագահը։

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում, սովորել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008թթ–ին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար։

2015 թվականի նոյեմբերի 1-ից «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ է, խորհրդարանական խմբակցության անդամ։