գլխավոր Իրադարձային Ադրբեջանում Հունաստանի դիվանագետներն իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ են ստանում

Ադրբեջանում Հունաստանի դիվանագետներն իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ են ստանում

Արմենպրեսը գրում է. Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:

Հունական SLPress-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի իշխանություններից հրապարակայնորեն պահանջել է անվտանգության երաշխիքներ իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների համար: Սակայն, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է տրամադրել նմանատիպ երաշխիքներ:

Իրավիճակը սրվել է, երբ Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին: Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել հոկտեմբերի 7-ին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի՝ հոկտեմբերի 16-ի Հայաստան այցն ավելի է սրել վիճակը Բաքվում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչության համար:

Լրատվամիջոցը մեջբերում է Հունաստանի դեսպան Կոնստանդինիոս Պիպերիգոսի խոսքերը, որ իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ապակառուցողական հայտարարությամբ. «Ես կարող եմ Ձեզ ասել, և դա  գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն գործընկեր է, այլև եղբայրական երկիր: Առանց որևէ երկմտանքի, մենք աջակցում ենք Թուրքիային և ցանկացած պարագայում կաջակցենք նրան: Մենք աջակցում ենք Թուրքիային բոլոր հարցերում, այդ թվում ՝ Արևելյան Միջերկրական ծովի տարածքում»: