գլխավոր Հասարակություն Արցախ այցելած բրիտանացի զինթղթակից Էմիլ Հեսսենը պատերազմի մասին ֆիլմ է նկարահանելու

Արցախ այցելած բրիտանացի զինթղթակից Էմիլ Հեսսենը պատերազմի մասին ֆիլմ է նկարահանելու

FOX 11-ը գրում է. Բրիտանացի լրագրող և կինոռեժիսոր Էմիլ Հեսսենն այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում և վավերագրում Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքը:

Հրապարակված նյութի մեջ նշվում է, որ Հեսսենը նախատեսում է պատերազմի մասին վավերագրական ֆիլմ պատրաստել և հույս ունի դեռևս մեկ ամիս մնալ Արցախում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի արցախցիների, առաջնագծում ծառայող զինվորների հետ ու լսի նրանց պատմությունները։

Աֆղանստանում և Իրաքում ծառայած և այժմ որպես զինթղթակից հանդես եկող Հեսսենն ասում է, որ Արցախում ընթացող պատերազմը նման չէ իր տեսած պատերազմներին։

«Մեր դեպքում բոլորս կամավոր ենք պայքարում մեկ այլ երկրում։ Մարդիկ այստեղ կռվում են այն հողի համար, որն իրենց հայրենիքն են համարում, որտեղ ապրել և արյուն են թափել իրենց հայրերն ու նախնիները։ Այնպես որ, այս պատերազմը շատ անձնական է նրանց համար»,- ասել է նա։

Հեսենն անգամ իր ինստագրամյան հետևորդներին է ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում առաջնագծի մյուս կողմում՝ այնտեղ, որտեղ խաղաղ բնակիչներն են։ Նրա շնորհիվ բազմաթիվ մարդիկ են իրազեկվել Արցախում ընթացող պատերազմի մասին:

«Հուզիչ է տեսնել, թե ինչպես է մեծահասակ մարդն իր որդուն գետնին դնելով լաց լինում, թե ինչպես է հայ տղամարդը նախքան հողին հանձնելը վերջին անգամ համբուրում իր որդուն»,- հայտնել է նա։

Զինթղթակիցն ընդգծել է, որ մարտական ոգին հատկապես բարձր է զինվորների շրջանում։ «Իհարկե, կան մարդիկ՝ ավագ սերունդը, որոնք հոգնել են, վախենում են, և մտահոգված են։ Նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում, բայց զինվորները մարտական են տրամադրված»,- ընդգծել է զինթղթակիցը:

Հեսենը նաև հորդորել է աչք չփակել այն փաստի վրա, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանն ու Թուրքիան հրահրել են այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ ԱՄՆ-ն պատրաստվում է նախագահական ընտրություններին։

«ԶԼՄ-ները չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում հեռավոր երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում․ մարդկանց մեծ մասը չի լսել այդ երկրների մասին և նույնիսկ չեն կարող քարտեզի վրա ցույց տալ դրանց տեղը»,- ընդգծել է նա։