գլխավոր Իրադարձային Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում այցելել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում այցելել է գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր պատվիրակներն Ադրբեջանում արդեն այցելել են ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին: Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն մեր պատվիրակության ներկայացուցիչներն այնտեղ ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին: Ազնիվ Բաղդասարյանին տրվել  է նաև ընտանիքի անդամների հետ կապվելու հնարավորություն»,- նշեց Ամատունին:

Շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականներն իբր Արցախի գյուղերից մեկում հանդիպում են մի կնոջ, ում շատ բարեհամբույր ձևով ներկայանում են և հարցնում, թե որտեղից է և ինչ է անունը: Ի պատասխան կինն ասում է, որ իր անունն Ազնիվ է և տեղի խանութում վաճառող է աշխատում: Տեսանյութում կար նաև մի հատված, որտեղ տիկին Ազնիվն ակնհայտ բեմականացված ձևով ադրբեջանցի զինվորականներին ասում է. «Բարի գալուստ ձեր տուն»: Հետագայում պարզ է դառնում, որ բեմականացված նկարահանման զինծառայողներից մեկն էլ դերասան է:

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում գերեվարվել է 3 զինծառայող՝ Նարեկ Ամիրջանյանը, Արեգ Սարգսյանը և Ալբերտ Միքայելյանը:

Հոկտեմբերի 18-ին Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին: