գլխավոր Իրադարձային ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նախագիծ է շրջանառության...

ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել

ԱԱԾ–ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին: Այս մասին տեղեկությունը ստացել ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետեւյալ կերպ «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։

Նախագծում ասվում է, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչեւ սեպտեմբերի 2-ը։

«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանելու մասին» N 703-Ն որոշման հավելվածը լրացնել նոր տողերով՝ հետևյալ բովանդակությամբ․

Հայ-ադրբեջանական պետական սահմանում

«Սոթք» («Քելբաջար»)
Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային
(Քելբաջարի շրջան)

«Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային
(Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)

«Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային
(Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական սահմանի անցման կետերը գործում են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անցման կետերով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: