գլխավոր Իրադարձային Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերիների հետ

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերիների հետ

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) հանձնարարականով Խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են ժամանակավոր պահման վայրեր՝ առանց նախնական ծանուցման։ 

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, նրանք հանդիպել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ: Գաղտնի ընդունելությունների շրջանակում տեղի ունեցած զրույցի ընթացքում պարզվել է, որ յուրաքանչյուր գերու համար «ապահովվում է» (չակերտները՝ Tert.am) հեռախոսային կապ, նամակագրություն, կապ ընտանիքի անդամների հետ, տեղեկատվության հասանելիություն (հեռուստատեսություն, հրապարակումներ) և բուժօգնություն։

Նշվում է, որ ռազմագերիները չեն բողոքել պահման և բուժման պայմաններից։

Միջոցառման ընթացքում նշվել է, որ այդ անձանց նկատմամբ վարվել են «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ապահովվել են նրանց իրավունքները, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայությունների մատուցումը» (չակերտները՝ Tert.am)։

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մայիսին հայտնել էր, որ Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը 119 է։ Խոսքը 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված անձանց մասին է: