գլխավոր Իրադարձային Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը...

Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը նման հետևանքների կբերի․ Տիգրան Ավինյանն այցելել է «Սուրմալու»

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայր, մոմավառություն իրականացրել՝ ի հիշատակ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին՝ միաժամանակ շեշտելով փրկարար ծառայության աշխատանքի որակը և օպերատիվությունը։

«Որոնողական աշխատանքները գրեթե ավարտին են հասնում, ընդամենը 1 անհետ կորած քաղաքացի կա, նրա գտնվելու տեղանքը արդեն ֆիքսված է և այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքնեը։ Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մեր առիթների ժամանակ հրավառ նյութերի օգտագործման վերաբերյալ։ Դեռևս 2021-ին Կառավարության կողմից նախագիծ էր  քննարկվել, որը սահմանափակում էր այս միջոցների օգտագործումը։ Մենք պետք է կարողանանք հրաժարվել այդ մշակույթից»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հրավառ նյութերի օգտագործման վերահսկողությանը և տուգանելու քաղաքականությանը, Ավինյանը ասաց․

«Ոստիկանության կողմից նմանատիպ տուգանքներ եղել են, բայց, երբ հրավառական արտադրանքը գտնվում է  վաճառքում, վերահսկողական վարչարարությունը շատ ավելի դժվար է։ Մենք պետք է գիտակցենք, որ մեր մասնավոր առիթներին պարտադիր չէ, որ շրջակա 10 կմ-ի վրա գտնվող քաղաքացիները ևս մասնակցեն։ Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որ մենք ավելի կոշտ քայլեր ձեռնարկեք և ոչ թե մեր հույսը դնենք ժամային սահմանափակումների վրա»։

Նախկին փոխվարչապետը նշեց նաև, որ, իր կարծիքով, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը որևէ կապ չունի ահաբեկչական գործողության հետ։

«Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղում վտանգավոր է և մեկ փոքր կայծը կարող է բերել նմանատիպ հետևանքների։ Եթե այդտեղ լինի  աշխարհի լավագույն օդափոխման համակարգը, միևնույն է 4 տոննա հրավառական նյութի առկայությունն արդեն վտանգ է ներկայացնում»,-նշեց նա։

Ավինյանը հավելեց նաև, որ ԱԺ նոր նստաշրջանի ընթացքում հրավառ նյութերի օգտագործման հարցը պարտդաիր կերպով կդրվի քննարկման, այս հարցով քննարկում է եղել իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։

Հարցին՝ արդյո՞ք դեպքի վայր է ժամանել որպես Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կողմից  առաջադրվելիք թեկնածու, Ավինյանը ասաց․

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  և այո որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։