գլխավոր Իրադարձային Լվովի իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել պատրաստվել ֆորս մաժորային ձմռան

Լվովի իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել պատրաստվել ֆորս մաժորային ձմռան

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը տեսաուղերձ է հղել քաղաքի բնակիչներին, որում կոչ է արել նախապես պատրաստվել ջեռուցման սեզոնի ընթացքում անոմալ իրավիճակների և խորհուրդ է տվել վառելափայտ պահեստավորել:

«Արդյո՞ք Լվովում հնարավոր են անոմալ իրավիճակներ։ Կարծում եմ՝ այո։ Այսօր խնդիրը դժվար պատկերացնելի իրավիճակին պատրաստվելն է։ Փայտը ոչ ոք չի չեղարկել, այն միշտ փրկում է դժվար ժամանակներում»,-հայտարարել է Սադովոյը։Նա հավատացրել է, որ քաղաքի իշխանությունները մեծ քանակությամբ վառարաններ են գնում (ժողովրդական լեզվով՝ բուրժույկաներ), որպես «միակ բանը, որը կարող է փրկել, եթե ուրիշ ոչինչ չի աշխատում»։

Բնակարանային-կոմունալ տնտեսության գծով նրա տեղակալ Իրինա Մարունյակը բնակիչներին առաջարկում է` եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, յուրաքանչյուր տանը ունենալ էլեկտրական թեյնիկ, մարտկոցով աշխատող լամպեր, չոր սպիրտ, էլեկտրական վառարան։

Օգոստոսի 15-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում կարող են հոսանքազրկումներ լինել՝ վստահեցնելով, որ գազի և գեներատորների բացակայության դեպքում իշխանությունները պատրաստ են դիմակայել մազութի պաշարների օգնությամբ, բայց միայն կարճ ժամանակով:

Ավելի վաղ 5.ua հեռուստաալիքը հայտնել էր, որ գնորդների հոսքն արդեն զգացվում է Ուկրաինայի բոլոր անտառտնտեսություններում, այս տարի փայտի սեզոնը շատ ավելի վաղ է սկսվել՝ գազի հետ կապված կանխատեսվող խնդիրների պատճառով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ըստ ուկրաինացի պաշտոնյաների կանխատեսումների` գալիք ձմեռը ամենադժվարն է լինելու Ուկրաինայի անկախացումից ի վեր։