գլխավոր Տնտեսություն Թուրքիան առաջատար է Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում

Թուրքիան առաջատար է Ուկրաինայից ցորենի ներկրման հարցում

Թուրքիան Ուկրաինայից հացահատիկի ներմուծման առաջատարն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությունը, որը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի համակարգման կենտրոնի հրապարակած տվյալները:

«Թուրքիայի և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջնորդությամբ, համաշխարհային պարենային ճգնաժամի և պարենի գների աճի լուծման նպատակով ստորագրված համաձայնագրի համապատասխան, Ուկրաինայից արտահանվող հացահատիկի և այլ սննդամթերքի 26 տոկոսը հասցվել է Թուրքիա։ Ստամբուլում ՄԱԿ-ի Հացահատիկի գծով համակարգող կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջատարի դիրք է զբաղեցնում Ուկրաինայից հացահատիկի և պարենի ներկրման մեջ՝ 26 տոկոսով»,-գրում է գործակալությունը։

Նշվում է, որ օգոստոսի 1-ից մինչև 15-ը Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնի ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել 21 բեռնանավ, որով փոխադրվել է ավելի քան 563 հազար տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ:

Գործակալությունը հավելում է, որ Իրանն ու Հարավային Կորեան Ուկրաինայից ցորենի ներկրման քանակով հաջորդում են Թուրքիային՝ 22 տոկոս: Ուկրաինական հացահատիկի 8%-ը ուղարկվել է Չինաստան, 6%-ը՝ Իռլանդիա, 5%-ը՝ Իտալիա, 4%-ը՝ Ջիբութի և 2%-ը՝ Ռումինիա: