գլխավոր Իրադարձային Կլիչկոն ասել է, որ առաջիկա ձմռանը Կիևում ջեռուցումն ավելի վատ է լինելու,...

Կլիչկոն ասել է, որ առաջիկա ձմռանը Կիևում ջեռուցումն ավելի վատ է լինելու, և հորդորել է տաք հագուստ ունենալ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է, որ առաջիկա ձմռանը մայրաքաղաքում ջեռուցումն ավելի վատ է լինելու։ Նա հորդորել է տաք հագուստ հավաքել։ Այս մասին քաղաքապետը հայտարարել է «Բաբել»-ին տված հարցազրույցում։

«Բոլորին խնդրում եմ պատրաստել տաք տնային հագուստ, տաք ծածկոցներ, քանի որ չենք բացառում, որ տներում ջերմաստիճանը նորմայից մի քանի աստիճան ցածր լինի, նորման 21 աստիճան է, գուցե լինի 19 կամ 18»,- ասել է Կլիչկոն։   

Նրա խոսքով՝ հնարավոր է հոսանքազրկումներ լինեն:

«Եթե հոսանքազրկումներ լինեն, մենք ունենք գեներատորներ, եթե ջեռուցում կամ գազ չլինի, մենք ունենք մազութի պաշարներ: մի որոշ ժամանակ մենք կկարողանանք աշխատել ինքնավար: Բայց սա բավականին կարճ ժամանակահատված է, որն անհրաժեշտ է, որպեսզի լուծենք խնդիրը»,- ասել է Կիեւի քաղաքապետը։

Այժմ, ըստ նրա, մայրաքաղաքում կա մոտ երեք միլիոն մարդ, որոնցից 200 հազարը ներքին տեղահանվածներ են։ Եվս մեկ միլիոնը դեռ չի վերադարձել Կիև՝ գարնանային տարհանումից հետո։