գլխավոր Իրադարձային Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ–ին

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պայթյունի վայրում աջակցում է ԱԻՆ–ին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի անձնակազմն աջակցում է ՀՀ փրկարար ծառայությանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքները հաղթահարելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը։

Նա հավելեց, որ երեկ ցերեկը տարածքի հետախուզման աշխատանքներ են իրականացվել ԱԹՍ-ների միջոցով, ԱԻՆ–ի հետ համատեղ ապահովել է տարածքի լուսավորությունը, որպեսզի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքները նաև գիշերը իրականացվեն։

«Նկարահանումներ կիրականացվեն նաև այսօր։ Պատրաստված նյութերը ըստ նշանակության կտրամադրվեն և՛ քննչական մարմիններին, և՛ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին», – ասաց Գյոզալյանը։

Նա նշեց, որ կենտրոնի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացնում, սակայն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկան։ Գյոզալյանը ենթադրում է, որ կարող է կենտրոնի հիդրավլիկ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն առաջանալ։ Այս համատեքստում կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ ԱԻՆ-ը ստանում է անհրաժեշտ աջակցությունը։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։