գլխավոր Իրադարձային IRNA գործակալությունը ներկայացրել է՝ ինչպես են հայերը Թեհրանում նշել Սուրբ Աստվածածնի Վերափոխման...

IRNA գործակալությունը ներկայացրել է՝ ինչպես են հայերը Թեհրանում նշել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (լուսանկարներ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 14-ին նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սուրբ Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Խաղողօրհնեքի արարողությունը:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Թեհրանում՝ հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանի և մի խումբ հայորդիների մասնակցությամբ, ևս նշվել է այս տոնը, ինչի վերաբերյալ ստորև ներկայացված է ծավալուն ֆոտոշարք:

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և փոխանցվել են Եկեղեցու Ավանդության շնորհիվ:

Ավանդության համաձայն` Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով անդադար աղոթել է: Այդ ժամանակ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:

Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի:

Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոն, այս տոնին նույնպես հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: Այս տոնը Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսել է տոնվել դեռ հինգերորդ դարից: