գլխավոր Հասարակություն Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել մեր երկրում ինտելեկտուալ այս մարզաձևն ավելի զարգացնելու համար։

Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ արձանագրված է, որ ՀՀ ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետն ընդգծել է՝ սա ռազմավարական նպատակ է, և կառավարությունը պատրաստ է շախմատիստների աջակցությամբ և խորհրդով անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել նպատակին հասնելու համար։

Ամեն հաղթանակից հետո լարվածությունը մեծանում էր. Գաբրիել Սարգսյանը` օլիմպիադայի մասին

«Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է արվել պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող հարցեր:

«Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով»,- տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: Նա ընդգծել է, որ Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը: