գլխավոր Քաղաքականություն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հասցեին քննադատությունն արդարացված չէ. նրանք ակտիվորեն աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ, նրանց դերն արդեն նշել են և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը, հայտնում է news.ru-ն։

«Ինտենսիվ քաղաքական շփումներին զուգընթաց շարունակվում է ակտիվ աշխատանքը ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը տեղում կայունացնելու համար։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը, մենք խաղաղապահների առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված», – ասել է նա։

Նեչաևը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։ ՌԴ ԱԳՆ-ն, կապված վերջին սրացումների հետ, արդեն իսկ կողմերին զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կոչ է արել։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն դրանց հիման վրա, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է՝ գտնելու լուծում, որը կգոհացնի բոլոր կողմերին։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի դիրքերի վրա Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման համատեքստում, հայ հասարակության շրջանում առաջանում են մի շարք հարցեր կապված ռուս խաղաղապահների գործունեության հետ, որոնք հստակեցում են պահանջում։