գլխավոր Իրադարձային Լաստանավային բեռնափոխադրման ծառայությունը մոտ օրերս կսկսի գործել․ Վահան Քերոբյան

Լաստանավային բեռնափոխադրման ծառայությունը մոտ օրերս կսկսի գործել․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ից արտահանման և ներմուծման նպատակով լաստանավով բեռնափոխադրումներ իրականացնելու խոստմանը։

«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը։ Կարծում եմ, դա օրերի հարց է»,- ասաց Քերոբյանը։

Հարցին՝ Բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր հոլանդական ընկերությունը համաձայնե՞լ է  Հայաստանը ռուսական պատժամիջոցներից դուրս դիտարկել այս գործընթացում և շահագործման թույլտվություն տալ, Քերոբյանը նշել է, որ դա այնքան էլ հեշտ հարց չէ։

«Սպասենք 1-2 օր, մի քանի օր սպասենք, և վստահ եմ, որ արդյունքը կլինի, այն զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շատ շուտով իր արդյունքը կտա»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝  դիտարկվում է միայն Փոթիի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։