գլխավոր Հասարակություն Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները

Կառավարությունը հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները. նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշեց, որ անձնական օգնականի ծառայությունը տրամադրվելու է հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ որոշակի աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, սակայն հետագայում հասկանում են, որ այդ մարդիկ այդ աջակցությունը կիրառելու համար դժվարություններ ունեն՝ սկսած նրանից, որ մարդը կարող է ի վիճակի չլինել գնալ խանութից գնում անել:

«Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 դրամի կարգի և այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը տասը ժամից ավելի խնամքի կարիք ունի»,- ասաց նա և ընդգծեց, որ ամենակարիքավոր խմբից են սկսում:

Այսպիսով, վարչապետը նշեց, որ նախագիծը 2024 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտնելու, սակայն մինչ այդ պիլոտային ծրագիր կիրականացնեն: