գլխավոր Հասարակություն Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում

Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում

Կառավարությունը փոփոխություն կատարեց ինտենսիվ այգիների հիմնման աջակցության ծրագրում: Նպատակն է բարձրացնել ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մակարդակը, ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազեցնել ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այգեհիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափերը:

«Ինտենսիվ այգիների մշակման ծրագիրն օպտիմալացնում ենք: Այս ծրագիրը բավական հաջող է ընթանում, և մեր պլանավորած տարեկան 1000 հա ինտենսիվ այգու փոխարեն մենք անցած տարի ունենք 1669.22 հա ինտենսիվ այգու հայտ. իսկ այս տարի արդեն 900 հա-ի հայտ ունենք, և դա մեզ թույլ է տալիս փոքր-ինչ մեղմացնել մեր օժանդակության պայմանները. այսինքն՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ վարկային տոկոսադրույք ապահովելու փոխարեն այժմ մենք մի փոքր ավելի քիչ ենք սուբսիդավորելու և ապահովելու ենք 5 տոկոս վարկային տոկոսադրույք, իսկ նախկին 50 տոկոս քեշբեքը դառնալու է 30 տոկոս: Այս փոփոխության իմաստն այն է, որ նույնիսկ ավելի մեղմ սուբսիդավորմամբ մենք վստահ ենք, որ հետաքրքրությունը կմնա բավականաչափ բարձր, և մենք կկարողանանք ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ հասնել մեր դրած թիրախներին»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ տարեկան առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը ՔՊ կուսակցության նախընտրական թեզերից մեկն էր, և ուրախությամբ արձանագրեց, որ արդեն ընտրության տարում՝ 2021 թվականին, 1600 հա-ի չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել:

«Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ որ մենք տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ ընթացքը պատշաճ ցանկալի մակարդակի չէ»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ թեև երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը, այսինքն՝ առկա է երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում:

«Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և մենք գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար, և այդ ուղղություններից մեկն ինտենսիվ այգեգործության խթանումն է, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման ծրագրին, լիզինգի ծրագրերին, որպեսզի ժամանակակից տեխնիկա մտնի մեր վարելահողեր»,- նշեց վարչապետը: