գլխավոր Իրադարձային Աղվան Հովսեփյանի պաշտպանները խնդրել են արտահերթ նիստ հրավիրել ու փոխել խափանման միջոցը

Աղվան Հովսեփյանի պաշտպանները խնդրել են արտահերթ նիստ հրավիրել ու փոխել խափանման միջոցը

Նախկին գլխավոր դատախազի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել դատարան։

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատարանից խնդրել են կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։

«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որով խնդրել ենք հրավիրել արտահերթ դատական նիստ և, վերջինիս առողջական վիճակով պայմանավորված, կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ պաշտպանները վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշումը և խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով։