գլխավոր Միջազգային Լեհաստանի վարչապետը հրաժարվել է Ջոնսոնի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ «չափազանց զբաղված է,...

Լեհաստանի վարչապետը հրաժարվել է Ջոնսոնի հետ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ «չափազանց զբաղված է, ժամանակ չունի»

Բորիս Ջոնսոնը, որը շուտով կլքի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ցանկացել է հանդիպում ունենալ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ, սակայն մերժում է ստացել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Մորավեցկու գրասենյակից Լոնդոնին տեղեկացրել են, որ նախապես ծրագրված հանդիպումը չի կայանա, քանի որ Լեհաստանի վարչապետը «չափազանց զբաղված է, ժամանակ չունի»: Ըստ որոշ աղբյուրների՝ հանդիպումը ծրագրված էր օգոստոսի 8-ին՝ Վարշավայում:

Մորավեցկու գրասենյակից նաև հավելել են, որ դժվար թե Լեհաստանի վարչապետը մինչև Ջոնսոնի՝ սեպտեմբերի սկզբին պաշտոնը լքելն ազատ ժամանակ գտնի նրա հետ հանդիպելու համար:

Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը՝ 11 նախարարների ու մի քանի տասնյակ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների «բողոքի» պաշտոնանկությունների պատճառով։  Ջոնսոնն անձամբ է ներկայացրել իր հրաժարականը։

Նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Պաշտոնի հավակնորդներն են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: Մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը Ջոնսոնը շարունակում է կատարել իր պարտականությունները։