գլխավոր Իրադարձային Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ շենքի մոտ են. նրանք հանդիպում են պահանջում Պապիկյանի...

Զոհված զինծառայողների ծնողները ՊՆ շենքի մոտ են. նրանք հանդիպում են պահանջում Պապիկյանի հետ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում. նրանք հանդիպում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի ու 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող նրանց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել են Մարտունի -2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։ Ծնողների խոսքով` դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են։

«Քյարամյանը պետք է պարզաբանի, թե ո՞ւմ հրամանով և ինչու տեղափոխությունը կատարվեց: Հոկտեմբերի 28-29-ին, երբ բոլորին նահանջի հրաման է տրվել, ինչո՞ւ մեր տղերքին նահանջ հրաման չի տրվել», – ասել է Սահակյանը:

Նրա խոսքով` զոհված զինծառայողների ծնողները չեն հանգստանալու, իրենց տները չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցերի պատասխանը չեն ստացել։

«Մենք 10 օր առաջ նույն պահանջով այստեղ էինք, մեզ հանգստացնելով տուն են ուղարկում , թե անպայման հարցին լուծում կտան ու կկազմակերպեն այդ հանդիպումը։ Մինչ օրս ոչ մի արձագանք չենք ստացել»,–ասել է նա։

Ծնողները նաև պարզաբանում են պահանջում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից և ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից, իրենց խոսքով, տևական ժամանակ անգործության համար։

Նախորդ անգամ ծնողներին ընդունել է ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը և խոստացել, որ 3 օրվա ընթացքում հանդիպում կկազմակերպի Քյարամյանի հետ, որը սակայն տեղի չի ունեցել։ Ուստի ծնողներն այլևս չեն ուզում հանդիպել Ստեփանյանին։

«Մեզ ասում են՝ նախարարը ժամանակ չունի, ձեզ չի ընդունի, իսկ ո՞ւմ համար ժամանակ ունի, եթե ոչ մեզ»,–ասել է Սահակյանը։

Ծնողները կսպասեն ՊՆ–ի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ նախարարը կամ փոխնախարարը նրանց չի ընդունել։