գլխավոր Իրադարձային Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է. World Press Freedom Index

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է. World Press Freedom Index


ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որի առաքելությունն է ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների և օգտատերերի պաշտպանությունը, հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ինդեքս» (World Press Freedom Index) տարեկան զեկույցը

Այս տարի լավագույն ցուցանիշն արձանագրել է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը: Մինչդեռ վարկանիշային աղյուսակը եզրափակում է հետևյալ տասնյակը՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմար, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 68.97 միավորով 51-րդ տեղում է՝ առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: 

«Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ», – Հայաստանի մասով գրել են զեկույցի հեղինակները:

Հատկանշական է, որ նախորդ տարի Հայաստանը նույն վարկանիշում 71.17 միավորով զբաղեցրել էր ավելի ցածր հորիզոնական՝ 63-րդ տեղը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանն 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը:

Ադրբեջանի մասով զեկույցի հեղինակաները նշում են, որ նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձել է լռեցնել մնացած բոլոր քննադատներին:

Թուրքիայի վերաբերյալ նշվում է, որ այդ երկրում մեծ տեղ է գրավում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով ԶԼՄ-ների բազմակարծությանը: Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվում են քննադատներին թուլացնելու համար։

Նշենք, որ ազեկույցի նպատակն է համեմատել մամուլի ազատության մակարդակը, որն ունեն լրագրողներն ու լրատվամիջոցները աշխարհի 180 երկրներում և տարածքներում: Այս համեմատությունը հիմնված է մամուլի ազատության սահմանման վրա, որը ձևակերպվել է RSF-ի և նրա խմբի փորձագետների կողմից 2022 թվականից կիրառվող նոր մեթոդաբանության մշակման ժամանակ:

Մամուլի ազատությունը սահմանվում է որպես լրագրողների՝ որպես անհատների և կոլեկտիվների կարողություն՝ ընտրելու, արտադրելու և տարածելու նորություններ՝ ելնելով հանրային շահերից՝ անկախ քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական միջամտությունից և նրանց ֆիզիկական և մտավոր անվտանգությանը սպառնացող վտանգների բացակայության դեպքում:

Ինդեքսի վարկանիշը հիմնված է 0-100 միավորի վրա, որը հատկացվում է յուրաքանչյուր երկրի կամ տարածքի. 100-ը հնարավոր լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը), իսկ 0-ն՝ վատագույնը:

Այս միավորը հաշվարկվում է երկու բաղադրիչի հիման վրա՝

լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ չարաշահումների քանակական ցուցանիշ՝ կապված նրանց աշխատանքի հետ,

յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ին մամուլի ազատության ոլորտի մասնագետների (ներառյալ լրագրողների, հետազոտողների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների) պատասխանների վրա։