գլխավոր Քաղաքականություն Թուրքիայի հայերը առավել քան երբևէ ենթարկվում են ազգայնական ճնշումների․ Eurasianet

Թուրքիայի հայերը առավել քան երբևէ ենթարկվում են ազգայնական ճնշումների․ Eurasianet

Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին Eurasianet-ը զրուցել է Թուրքիայում բնակվող հայերի հետ՝ նշելով, որ այս օրերին նրանք առավել քան երբևէ ենթարկվում են ազգայնական ճնշումների։

Թուրքիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Օլգարը Eurasianet-ին պատմել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի օրերին հայկական ոչ մեծ համայնքի անդամների կյանքը Ստամբուլում «տհաճ փորձառություն է»։

Նրա խոսքով՝ թուրքական լրատվամիջոցներով Ադրբեջանի նվաճումների մասին լուսաբանումը սյուրռեալիստական է թվում, որն ասես «համակարգչային խաղ լինի» և անտեսում է պատերազմի մարդկային զոհերը:

«Նրանք նկարագրում են, թե ինչպես են հարվածում և ոչնչացնում օբյեկտները, կարծես չկան մարդիկ, այլ միայն օբյեկտներ, որոնք շարժվում են խաղի մեջ։ Նրանք հրահրում են հակամարտությունը։ Որպես Թուրքիայում ապրող հայեր՝ մենք գիտենք, որ լրատվամիջոցները կարող են մեզ ուղղակի թիրախ դարձնել, և մենք մտահոգված ենք»,-ասել է 28-ամյա Օլգարը։

Ինչպես նշում է աղբյուրը, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական և քաղաքական աջակցությունը, ինչպես նաև ԶԼՄ-ներում հակամարտության տենդագին լուսաբանումը, անհանգստացնում են Թուրքիայի ավելի քան 50 000 էթնիկ հայերին, որոնք մտահոգված են այն հանգամանքով, որ իրենք կարող են բախվել ավելի սուր ազգայնական ճնշումների։

Այդ մտավախությունները մի կողմ թողնելով ՝ Օլգարը և Թուրքիայում հասարակաքաղաքական գործունեություն ծավալող միակ հայկական կազմակերպության՝ «Նոր զարթոնք»-ի մյուս հայ ակտիվիստները խաղաղության կոչերով են հանդես գալիս։

«Կարևոր է երկխոսության կոչ անել Թուրքիայում, որը պաշտպանում է պատերազմը և գործնականում մասնակցում դրան։ Ցավալի է, որ ավելի շատ մարդիկ չեն բարձրացնում այդ մասին, բայց լռությունը մեզ համար տարբերակ չէ, քանի որ դա նշանակում է, որ մենք ընդունում ենք դա», – ասել է Օլգարը։

Մինչդեռ հայերը խաղաղության ակցիաներ են կազմակերպում ամբողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, խաղաղության կոչեր անելը հատկապես համարձակ դիրքորոշում է Թուրքիայում, որտեղ նույնիսկ կառավարության քաղաքական ընդդիմախոսները ողջունում են Ադրբեջանին, ընդգծում է թերթը։

«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, սակայն նրա ռազմական աջակցությունն այժմ հավասարազոր է պատերազմի մեջ մտնելուն, և այդ քաղաքականությունը խորը մտահոգություն է առաջացնում մի երկրում, որտեղ բնակվում են ինչպես էթնիկ ադրբեջանցիներ, այնպես էլ հայեր։ Կառավարությունը սնում է ազգայնականության ալիքը՝ վախեցնելով մի բուռ հայերի, որոնք դեռ այստեղ են։ Սա խաղ է կրակի հետ։ Ես թիրախ եմ դարձել իմ հայկական ինքնության համար, բայց նաև այն պատճառով, որ ես խաղաղության կոչ եմ արել։ Որպեսզի հասարակությանը համոզեն, որ այդ պատերազմն անհրաժեշտ է, նրանք փորձում են լռեցնել նրանց, ովքեր ասում են, որ դա այդպես չէ», – Eurasianet-ին հայտարարել Է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը։

Թուրքիայում բնակվող հայկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, գրող Մուրադ Մըճըին, իր հերթին, պատմել է, որ «ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անհամար սպառնալիքներ է ստացել»՝ նշելով, որ «մտավախություն ունի՝ եթե պատերազմը սրվի, ազգայնական խմբերը կարող են իրենց կհադեպ բաց բռնություն հրահրել»։