գլխավոր Իրադարձային «Չինական Հավայիում» լոքդաուն է հայտարարվել․ միլիոնավոր մարդիկ փակվել են տանը

«Չինական Հավայիում» լոքդաուն է հայտարարվել․ միլիոնավոր մարդիկ փակվել են տանը

Չինաստանի հայտնի զբոսավայրերից մեկում ավելի քան 80 հազար զբոսաշրջիկ հայտնվել է լոքդաունում։ Հայնան կղզու Սանյա քաղաքում, որը հայտնի է որպես «Չինական Հավայի», կորոնավիրուսի 263 դեպք է հաստատվել։ Իշխանությունները չեղարկել են քաղաք ժամանող և այնտեղից մեկնող բոլոր չվերթները։

BBC-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 8-ին լոքդաունը տարածվել է մի քանի քաղաքների վրա այն բանից հետո, երբ կղզում կորոնավիրուսի 504 դեպք է հաստատվել։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են մնալ տանը։ Նրանք կարող են տնից դուրս գալ միայն սնունդ գնելու և COVID-ի թեստ հանձնելու համար։ Ճանապարհորդողները կղզուց դուրս գալու համար պետք է 7 օրվա ընթացքում ՊՇՌ-ի հինգ բացասական թեստ հանձնեն։

Չինաստանը աշխարհի խոշոր տնտեսություններից միակն է, որը դեռ «զրոյական COVID» քաղաքականություն է վարում։ Euronews-ի փոխանցմամբ՝ հունիսին Շանհայի 25 մլն բնակիչները վերջապես դուրս են եկել երկամսյա խիստ մեկուսացումից։ Իսկ անցյալ ամիս Ուհանի բնակիչները, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, բախվեցին նոր սահմանափակումների այն բանից հետո, երբ այնտեղ հաստատվեց կորոնավիրուսի 4 ասիմպտոմ դեպք։