գլխավոր Քաղաքականություն Փաշինյանի հետ հեռախոսազրույցը կառուցողական էր. Էրդողան

Փաշինյանի հետ հեռախոսազրույցը կառուցողական էր. Էրդողան

Թուրքիայի առաջնորդը կրկին Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի» մեջ։

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կառուցողական է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը։ Ելույթ ունենալով Անկարայում դեսպանների խորհրդաժողովում ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ակնկալում է տարածաշրջանի կայունացում, «եթե Հայաստանն արձագանքի կոչերին», գրում են թուրքական ԶԼՄ–ները:

Էրդողանը հիշատակել է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելու մասին, ինչպես նաև շարունակել է Հայաստանին մեղադրել «օկուպացիայի» մեջ։ Նրա խոսքով ՝ անհնար է հաջողության հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ չլինելով ուժեղ մարտի դաշտում։

«44-օրյա պատերազմի արդյունքում Ղարաբաղը կրկին ազատագրվեց, և 30-ամյա օկուպացիան ավարտվեց։ Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի այս պատմական հնարավորությունը իրացվի։ Զգալի հաջողությունների ենք հասել Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում։ Շատ կառուցողական զրույց ունեցանք Փաշինյանի հետ։ Ես հավատում եմ, որ մոտ ժամանակներս մեր տարածաշրջանը կկայունանա, Եթե Հայաստանն արձագանքի մեր կոչերին», – հավելել է նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Էրդողանն առաջին հեռախոսազրույցն ունեցել են հուլիսի 11-ին, որի ընթացքում հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում: