գլխավոր Քաղաքականություն Արևմուտքի գործողությունների պատճառով առաջանում է Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից ավելի չեզոք վայր...

Արևմուտքի գործողությունների պատճառով առաջանում է Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից ավելի չեզոք վայր տեղափոխելու հարցը. ՌԴ ԱԳՆ

Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները դարձել են «աշխարհաքաղաքականության պատանդ»՝ արևմտյան երկրների գործողությունների պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն:

Նրա խոսքով՝ արդիական է հանդիպումները Ժնևից «ավելի չեզոք վայր» տեղափոխելու հարցը։

Նշենք, որ Վրաստանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հարաբերությունների շուրջ Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականից։ Որպես համանախագահներ հանդես են գալիս ՄԱԿ-ը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն, քննարկումներին մասնակցում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն այս մեկնաբանությունն արել է՝ 2008 թվականին Հարավային Օսիայում զինված հակամարտության տարելիցի առնչությամբ։

Մարիա Զախարովան ասել է, որ Ժնևի ձևաչափը «փաստացի սառեցված» է, և արդեն ութ ամիս հնարավոր չի եղել քննարկումների ևս մեկ փուլ անցկացնել։ Նա կարծում է, որ դա հավաքական Արևմուտքի կողմից «վրեժ է» Մոսկվայից՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով։

«Մեր պատվիրակության անդամների համար տրանսպորտային և վիզային խոչընդոտներ սահմանելով՝ որպես Ռուսաստանի վրա ճնշման գործիք՝ արևմտյան գործընկերները միակողմանիորեն փոխում են «խաղի կանոնները» և իրենք են արդիական դարձնում կանոնավոր հանդիպումները Ժնևից ավելի չեզոք վայր տեղափոխելու հարցը»,- ասված է նրա մեկնաբանության մեջ։

Դեռ ապրիլին ՌԴ նախարարությունը հայտարարել էր Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումների դադարեցման մասին։ Մարտի 30-ին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր Ռուսաստանին միանալու մտադրության մասին։ Նա հանդես էր եկել Հյուսիսային Օսիայի հետ մեկ տարածաշրջանի միավորման օգտին: Ապրիլին Հարավային Օսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է Ալան Գագլոևը։ Նա կասեցրել է հանրաքվեի մասին հրամանագիրը։ Կրեմլում կարծում են, որ այս հարցը վերջնական քննարկման կարիք ունի։