գլխավոր Միջազգային Ես վաղուց ու հաստատակամորեն աջակցում եմ Իսրայելին․ Բայդենը՝ իսրայելա-պաղեստինյան վերջին սրացման մասին

Ես վաղուց ու հաստատակամորեն աջակցում եմ Իսրայելին․ Բայդենը՝ իսրայելա-պաղեստինյան վերջին սրացման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելի՝ Գազայի հատվածից իրականացվող հարձակումներից պաշտպանվելու իրավունքին։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան կողմից տարածված ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարությանը։

«Ես վաղուց ու հաստատակամորեն աջակցում եմ Իսրայելի՝ սեփական անվտանգությունն ապահովելու, այդ թվում նաև հարձակումներից պաշտպանվելու իրավունքին», – ասված է Բայդենի հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ վերջին օրերին Իսրայելն իր ժողովրդին էր պաշտպանում «Պաղեստինյան իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման հրթիռային հարձակումներից, և ԱՄՆ-ն հպարտանում է, որ աջակցություն է ցուցաբերել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին, որը կարողացել է ավելի քան հարյուր հրթիռ որսալ ու անթիվ կյանքեր փրկել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին: Հաղորդվել է նաև «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարներ Թայսիր ալ Ջաբարիի և Խալեդ Մանսուրի մահվան մասին։

Էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ, ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։

«Հավանաբար, դրանք ավելի շատ կլինեն: Դրանցից 450-ը հարվածել են Իսրայելի տարածքին, 20 տոկոսը անհաջող արձակումներ են», – ասել է նա:

Նշվում է, որ «Երկաթ գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից որսված հրթիռների մասնաբաժինը մոտավորապես 97 տոկոս է։